Ժպտադեմ մանկության հնարավորություն Արագած համայնքի երեխաներին

Ժպտադեմ մանկության հնարավորություն Արագած համայնքի երեխաներին

Ժպտադեմ մանկության հնարավորություն Արագած համայնքի երեխաներին

24.08.2015

«Բավականին անսովոր է, երբ ատամները չեն ցավում ու կարող եմ ուզածս ուտել», ատամնացավից չվախենալու ուրախությունը մանկական անկեղծությամբ արտահայտելով դեմքին պատմում է 12-ամյա Անահիտը:

«Հիմա ատամներս նաև սևացած չեն, մաքրել են», ավելացնում է Անահիտը, հպարտությամբ նշելով, որ ժպտալիս նախկինի նման բերանը ձեռքով փակելու պետք չունի:

Անահիտն Արագած համայնքի այն 103 երեխաներից է, որ «Իմ լումա» ծրագրի շրջանակներում ատամնաբուժական ծառայություններ է ստացել Էյջ Էս Բի Սի բանկի աշխատակիցների ներդրումներով հավաքված և Վորլդ Վիժն Հայաստանին տրամադրված 1,295,000 դրամ ֆինանսական միջոցներով:

2015թ. հուլիսի 1-ին ավարտված ծրագրի ընթացքում ատամնաբույժը բուժզննում է իրականացրել համայնքի 2 դպրոցների մինչև 6-րդ դասարանների 202 աշակերտի շրջանում՝ իրազեկելով բերանի խոռոչի խնամքի ու հիգիենայի մասին, կազմելով միջամտության կարիք ունեցող երեխաների ցուցակ, ապա նաև տրամադրելով աջակցություն:

Բուժզննում անցածներից 103 երեխայի համար իրականացվել է ստոմատոլոգիական բուժօգնություն: Իրականացվել են բերանի խոռոչի հետազոտություն, բուժում, կանխարգելիչ միջոցառումներ:

Ծառայությունները տրամադրվել են համայնքի բուժկենտրոնի ատամնաբույժ Գեղամ Գրիգորյանի կողմից:

Ատամնաբույժի ներկայացմամբ, համայնքի երեխաների մոտ ռիսկային են բերանի խոռոչի հիվանդությունները` հատկապես կարիեսն ու պուլպիտը: Պատճառները մի քանիսն են. հիգենայի կանոնների խախտում, ոչ օրգանական և քիմիական նյութերով սննդի օգտագործում, տարածքում ջրի ոչ բարվոք վիճակ, ֆտորի ցածր պարունակությամբ:

Ընտանիքներում վատ սոցիալական պայմանների պատճառով երեխաներից շատերի մոտ թերսնուցում կա, որ բերում է կալցիումի ֆտորի և այլ տարրերի պակասին՝ դառնալով կարիեսի պատճառ:

«3 ատամ հեռացրել են, 4-ը՝ բուժել: Ու հիմա կարևոր է, որ երբեք չմոռանամ խոզանակ ու մածուկ օգտագործել, այլապես էլի ատամները կսկսեն ցավել», ասում է Անահիտը: Ի դեպ, ծրագրի իրականացման ընթացքում խոզանակ-մածուկի 100-ական հավաքածու էլ համայնքի փոքրիկներին նվիրել են «Էսթինգ» ընկերությունն ու «Ասողիկ» հրատարակչությունը:

Արագած համայնքի փոքրիկ բնակչի ծնողներն ու տատն անչափ ուրախ են, որ 6-րդ դասարան տեղափոխված Անահիտն ատամների ու լնդերի ցավի պատճառով այլևս հաճախակի դասերից չի բացակայի:

Համայնքի երեխաների ծնողներն երախտապարտ են, որ Էյջ Էս Բի Սի բանկի աշխատակիցները կարեկից են գտնվել՝ տրամադրելով միջոցներ, որպեսզի երեխաներն առողջ ատամներ ունենան: Նրանք հավաստիացնում են. «Մեր հոգսն ու մտահոգությունը կրճատվել է բանկի ցուցաբերած նվիրատվությամբ, ու դրա համար մեծապես շնորհակալ ենք, շնորհակալ նաև մեր երեխաների անունից»:

«Դասընկերներս ծիծաղում էին ինձ վրա, ու երբ բուժեցին ատամներս, ես ինքս եմ ծիծաղում ու ժպտում, որքան ցանկանամ», նոր ուսումնական տարին անցավ դիմավորելու համար ուրախ ասում է Անահիտն ու ավելացնում.

«Դասարանում ընկերներ ունեմ, ում ատամները ցավում են: Լավ կլինի, որ բոլոր երեխաներն էլ ժպտան ու չամաչեն»:

Այլ նորություններ

Ցանկանում եք տեղեկացված լինել՝

ՀԱՍՏԱՏԵԼ