Բորյանների տուն թանգարանը դարձել է ճամբարակի այցեքարտը

24.07.2014
Ճամբարակում ապրող ավելի քան 9300 բնակիչները միօրինակ առօրյայով էին ապրում, քանզի դպրոցից զատ չկար կրթական այլընտրանքային վայր: Այսօր արդեն Բորյան եղբայրների տուն թանգարանն ու մշակութային կենտրոնը բաց են երեխաների, երիտասարդների և մեծահասակների համար, ուր ստեղծվել են մասնագիտացված մշակութային խմբակներ և թանգարանին կից փոքրիկ գրադարան:
- Ես հաճախ եմ գալիս այստեղ գիրք կարդալու, ընկերներիս հանդիպելու կամ մի գեղեցիկ իր պատրաստելու համար: Շատ հաճախ ինձ անհրաժեշտ գրքերը միայն այս գրադարանում եմ գտնում: Ու ամեն մի գրքով իմ պատկերացումները փոխվում են, - ասում է տասնհինգամյա Մերին:
Հարակից համայնքներում ապրող երեխաներն ու երիտասարդությունն էլ արդեն մշակույթի տան ճանապարհը լավ գիտի: Գալիս են այստեղ գիրք կարդալու և բանավեճերի խմբակին միանալու համար: Դպրոցների ուսուցիչները իրենց կամքով աշակերտներին ուղղորդում են այստեղ տեղի ունեցող հնարավորություններին մասնակից լինելու:
Հարակից համայնքների երիտասարդներն ու երեխաները գալիս են այստեղ գիրք կարդալու և մասնակից լինելու բանավեճերի ակումբին: Դպրոցի ուսուցիչներն իրենք են ուղղորդում աշակերտներին գալ և ակտիվորեն մասնակցեն խմբակներին:
- Արհեստն օգնում է մարդուն լայնացնել աշխարհայացքն ու ավելին ձգտել: Այս տեսակ խմբակները հատուկ արհեստի տեսակներ են սովորեցնում երեխաներին, որոնք շատ օգտակար և կարևոր են երեխաների զարգացման և հմտություններ ձեռք բերելու գործում, - ասաց Գայանե Ճաղարյանը, արտադպրոցական միջոցառումների պատասխանատու ուսուցչուհին:
- Ես էլ կամավոր հիմունքներով եկա ու միացա վերանորոգման և մաքրման աշխատանքներին: Իսկ հիմա արդեն որպես աշակերտ եմ գալիս: Այստեղ բոլոր իմ ընկերներն են. բոլորս էլ նոր բաներ ենք սովորում այս կենտրոնում, - ասաց տասնհինգամյա Հովհաննեսը:
Թանգարանի վերանորոգման և մաքրման աշխատանքներին շատ շատերը մասնակից եղան: Մինչ օրս շատերը գալիս են, հետևում շրջակայքի մաքրության և խնամում բնությունը: Ծառատունկի համար այստեղ հավաքվում են բոլոր համայնքների ակտիվ երիտասարդներն ու միասին ծառ տնկում և խնամում:
- Մեծ հաճույք եմ ստանում՝ տեսնելով երեխաների և իրենց ծնողների ոգևորությունն ու ներգրավվածությունը: Որոշ երեխաներ երկար ճանապարհ են անցնում կենտրոն գալու համար, բայց միևնույն է չեն բացակայում ու մեծ ոգևորությամբ են սովորում, - ասաց փայտամշակման ակումբի ուսուցչուհի Քրիստինե Լազարյանը:
Անցած հուլիսից սկսած յուրաքանչյուր ամիս ավելի քան 15 երիտասարդներ մասնակցում են փայտամշակման դասընթացներին: Նրանցից ամեն մեկը մի գեղեցիկ նախշ կամ կենդանի ունի պատրաստած հարթ փայտից: Աշակերտներից ոմանք սովորում են փայտի հետ աշխատելու հիմնական գիտելիքները, իսկ մյուսներն արդեն վարպետորեն նախշեր ու ձևեր են տալիս փայտե կտորներին:
- Ես արդեն նապաստակ, արջ ու ձկնիկ ունեմ պատրաստած: Սիրում եմ աշխատել փայտի հետ: Սկզբից շատ կոպիտ ու ոչ ճկուն է թվում, բայց հետո շերտ առ շերտ դառնում է կոկիկ ու տեսք ստանում, - ասում է 16 տարեկան Սամվելը:
- Թանգարանն ու մշակույթի կենտրոնը դարձել են Ճամբարակ քաղաքի այցեքարտը: Այս ծրագիրը մի մեծ հաջողություն է ունեցել այստեղ ապրող մարդկանց և երիտասարդների շրջանում: Տարբեր համայնքներից երիտասարդներն ու երեխաները, նաև խոցելի ընտանիքների երեխաները այցելում են խմբակներ ու ստանում բացառիկ մասնագիտություններ՝ կավագործության, խեցեգործության և փայտամշակման հմտություններ, - ասում է Վորլդ Վիժն Հայաստանի Ճամբարակի տարածքային զարգացման ծրագրի ղեկավար Իրինա Հովհաննիսյան:
Ծրագիրն իրականացվել է Վորլդ Վիժն Հայաստանի և ՔՐՈՆԻՄԵՏ Բարեգործական հիմնադրամի համատեղ ֆինանսավորմամբ: