Ապարանի աշակերտները կարող են ռոբոտներ կառուցել

Ապարանի աշակերտները կարող են ռոբոտներ կառուցել

Ապարանի աշակերտները կարող են ռոբոտներ կառուցել

06.04.2014

Ապարանի դպրոցներից մեկում այս ձմռանը բացվեց Երիտասարդների ռոբոտատեխնիկայի ակումբը: Դպրոցն արդեն իսկ ուներ համակարգիչներ և համակարգչային լսարան՝ հասանելի աշակերտներին ու ուսուցիչների համար:
Այժմ նույն լսարանը հագեցած է նաև ռոբոտաշինական գործիքների չորս բազմամաս փաթեթներով, որոնք երեխաների կրթությունը տեղեկատվական ոլորտում ավելի մատչելի և պատկերավոր կդարձնեն:


Մոնիտիս ընկերության և աշխատակիցների նվիրատվության շնորհիվ Վորլդ Վիժն Հայաստանը հնարավորություն ունեցավ հիմնելու Ապարանի ռոբոտաշինության ակումբը:


- Մեր դպրոցի աշակերտների համար այս ակումբը մեծ հնարավորություն է ստեղծում բարելավելու և զարգացնելու իրենց գիտելիքները ռոբոտաշինության գործում: Դեռ այն փուլում ենք, որ աշակերտները միայն հիմնական մասնիկներն են իրար միացնում և պարզ հրամաններ կատարող շարժվող մարմիններ են ստեղծում, բայց ժամանակի հետ զուգահեռ, մենք միասին ավելի խելացի ու նորարար ռոբոտներ կստեղծենք, - ասում է ռոբոտաշինության խմբակի ուսուցիչը, ով վերջերս վերապատրաստվել է Նեյշնլ Ինսթրումենթս կազմակերպության կողմից:


- Ամեն ինչ այնքան արագ է զարգանում ու փոփոխվում, որ ժամանակի հետ համաքայլ է պետք շարժվել: Մեզ շատ հաճելի է տեսնել, որ երեխաների համար մեր փոքրիկ ներդրումները դառնում են ահռելի փոփոխությունների արդյունք, - ասում է Միքայել Վարդանյանը, Մոնիտիս ընկերության Գործառնությունների տնօրենը:


Դպրոցը մաթեմատիկական ուղղվածություն ունի, ուր աշակերտները խորացված ուսանում են մաթեմատիկա և ֆիզիկա առարկաները: Նրանցից շատերն են երազում դառնալ այդ ոլորտի ուրույն մասնագետները:


- Այս նախաձեռնությունը շատ գովելի է: Երեխաների զարգացման համար ամեն մի ներդրում արդարացված է. նրանք մեր ապագան են: Թեև ես այլևս երիտասարդ չեմ, միևնույն է, սովորում եմ համակարգչային ծրագրեր ու խրախուսում աշխատակազմիս զարգացնել իրենց գիտելիքներն այդ ոլորտում: Նորարարական մեթոդները հետաքրքիր ու մատչելի են դարձնում երեխաների ուսուցումը, - ասում է Ապարանի դպրոցի տնօրեն Նվարդ Բարսեղյանը:

Ռոբոտաշինության ակումբը արևկող սենյակում է՝ համալրված համապատասխան սարքերով, որոնց շնորհիվ երեխաները կարող են փոքրիկ ռոբոտներ ստեղծել ու համապատասխան հրահանգներով աշխատեցնել ռոբոտներին: Նույն սենյակում տեղադրված համակարգիչները կօգնեն երեխաներին ստեղծել համակարգի ծրագրեր, որպեսզի այդ փոքրիկ ռոբոտները ենթարկվեն հրահանգներին և շարժվեն ձայնի կամ գծերի ուղղությամբ:


- Փոքրիկ ռոբոտի ծրագիր եմ ստեղծում հիմա, որը շարժվում է ձայնի ուղղությամբ: Հենց որ ռոբոտը լսում է ծափերի ձայն կամ այլ շխկոց, թեքում է անիվներն ու շարժվում դեպի ձայնը: Երազում եմ, որ մի օր տանս համար ռոբոտ կստեղծեմ, որը կօգնի ինձ տան գործերում, - ասում է տասնվեց տարեկան Աշոտը, ով ծրագրավորողի մասնագիտությունն է ընտրել:


2012 թվականից սկսած Վորլդ Վիժն Հայաստանը նախաձեռնեց երիտասարդների շրջանում ռոբոտաշինության գիտելիքների տարածումը ամբողջ Հայաստանի համայնքներում:

Վերջին ամիսներին Վորլդ Վիժն Հայաստանը հիմնել է հինգ Ռոբոտաշինության երիտասարդական ակումբներ Ալավերդու, Գյումրու, Կապանի, Սիսիանի և Թալինի դպրոցներում՝ նպատակ ունենալով, մարզերի ընդունակ երիտասարդներին հնարավորություն ընձեռել մասնագիտանալու ռոբոտաշինության գործում:


Համալրված անհրաժեշտ ծրագրերով և զանազան սարքերով՝ այս ակումբները դպրոցականներին ապահովում են ռոբոտաշինության տարական գիտելիքներով, ինչպես նաև որոշակի խնդիրներ լուծող ռոբոտների ստեղծման փորձ են ձեռք բերում:


Ռոբոտաշինության երիտասարդական ակումբները և նմանատիպ ծրագրերը Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կարող են լուրջ ազդեցություն ունենալ: Այսպիսով, ընդունակ երիտասարդները հեշտությամբ մուտք կգործեն վեբ դիզայնի, ծրագրավորման, անիմացիոն և ռոբոտաշինության ոլորտներ:

Այլ նորություններ

Ցանկանում եք տեղեկացված լինել՝

ՀԱՍՏԱՏԵԼ