Առողջ ատամներ՝ նվիրատուների աջակցության շնորհիվ

Առողջ ատամներ՝ նվիրատուների աջակցության շնորհիվ

Առողջ ատամներ՝ նվիրատուների աջակցության շնորհիվ

11.12.2014

Վորլդ Վիժն Հայաստանի և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի համագործակցությամբ իրականացված դրամահավաքի շնորհիվ Արագած համայնքում կիրականացվի երեխաների ատամնաբուժական ծրագիր: Մեկից վեցերորդ դասարանի մոտ 200 երեխա կայցելի Արագած համայնքի ատամնաբուժարան` ստուգելու բերանի խոռոչն ու ատամները, որպեսզի այնուհետ բուժում ստանա:

Արագած գյուղն ընկած է Արագած լեռան արևելյան ստորոտին, Գեղարոտ գետակի ափին, ուր խմելու ջրերը հավաքվում են լեռան հալչող ձներից և բնական սառնորակ աղբյուրներից: Ֆտորի պակասությունը խմելու ջրի մեջ բավական խնդիրներ է առաջացնում ատամների համար, իսկ այստեղ ապրող ընտանիքների սոցիալական ծանր կարգավիճակը կրկնապատկում է երեխաների ատամների անառողջ վիճակը:

Ոչ միայն ջրի խնդիրը, այլև ծնողների անհետևողականությունը բերում են այն խնդրին, որ երեխաները չեն հետևում բերանի հիգիենայի հասարակ կանոնների պահպանմանը և չեն լվանում ատամները:

-Այսօր արդեն հիսունից ավել երեխա եմ ընդունել և գրանցել բոլորի ատամների վիճակը, որ կարիքի դեպքում համապատասխան բուժում ստանան: Յուրաքանչյուրն էլ մի խնդիր ունի. մեկը չորս ատամ ունի հեռացնելու, մյուսը սևացած ատամներ ունի: Այս բոլոր խնդիրները գալիս են թերսնուցումից և հիգիենան չպահպանելուց, - ասում է Արագած համայնքի ատամնաբույժ Գեղամ Գրիգորյանը:

-Ես առաջին անգամ եմ գալիս ատամներս ստուգելու, բայց չեմ վախենում: Ես պետք է առողջ ատամներ ունենամ, որ Նոր տարվա պոպոք-պնդուկից ուտեմ, - ասում է ինը տարեկան Էրիկը:

Վորլդ Վիժն Հայաստանի տեղական ֆոնդահայթայթման <<Իմ լումա>> ծրագրի միջոցով Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի աշխատակիցները անցյալ տարվա ողջ ընթացքում ամեն ամիս իրենց ներդրումներն ունեցան երեխաների ատամների առողջության ծրագրի համար: Ծրագրի ընդհանուր բյուջեն այժմ կազմում է 1190000 դրամ, որն էլ հատկացվում է Արագած համայնքի մեկից վեցերորդ դասարանների երեխաների ատամնաբուժական ծախսերի համար:

-Շատ կարևոր է ատամների և բերանի խոռոչի հիգիենան պահպանել վաղ տարիքից, որն էլ կկանխի օրգանիզմի այլ հիվանդություններ ձեռք բերելուց: Մենք շարունակաբար խրախուսում ենք ընտանիքներին ու կարիքավոր համայնքներին հիգիենայի պահպանման մշակույթը պահպանել և տարածել, որպեսզի յուրաքանչյուր մարդու համար իր առողջության պահպանումը սովորություն դառնա, - ասում է Վորլդ Վիժն Հայաստանի Արագածոտն մարզի ղեկավար Լիանա Սարգսյանը:

Երեխաների ատամների ստուգումներից հետո կսկսի արդեն բուն բուժման ընթացքը, որին զուգահեռ համայնքի ատամնաբույժը կայցելի Արագածի երկու դպրոցներն ու երեխաներին ու պատանիներին կիրազեկի ատամի հիգիենայի և առողջության պահպանման մասին:

Բուժումները վերջացնելուց հետո, վեց ամիս անց Վորլդ Վիժն Հայաստանը կնախաձեռնի երեխաների ևս մի այցելություն ատամնաբուժարան, ուր կստուգվեն երեխաների ատամների վիճակը, համեմատելով նախնական վիճակի գրանցումների հետ, որպեսզի հնարավոր լինի գնահատել ամբողջ ծրագրի արդյունավետությունը:

Այլ նորություններ

Ցանկանում եք տեղեկացված լինել՝

ՀԱՍՏԱՏԵԼ