Կարտոֆիլով պատրաստած շուրջ 50 կերակրատեսակ «Մեծ Փուռ 2017» փառատոնին

Կարտոֆիլով պատրաստած շուրջ 50 կերակրատեսակ «Մեծ Փուռ 2017» փառատոնին

Կարտոֆիլով պատրաստած շուրջ 50 կերակրատեսակ «Մեծ Փուռ 2017» փառատոնին

02.10.2017

Գավառի տարածաշրջանի Ծաղկավանքի տարածքում անցկացվեց «Մեծ փուռ 2017» փառատոնը` «Հյուրասիրում են քյավառցիները» խորագրով: «Մեծ փուռ»-ը խորհրդանշում է կարտոֆիլի բերքահավաքի սկիզբը, ինչն էլ տոնի է վերածվում քյավառցիների հյուրընկալ ընտանիքներում:

Տարվա մեջ արևային օրերի առավելագույն քանակն ապահովող տարածաշրջանի սևահողերում գյուղացին մշակում է համեղ և որակյալ կարտոֆիլ: Կարտոֆիլը, որը սնվում է արևի ջերմությամբ, մշակողի հոգատարությամբ և լավագույն հողի ուժով, ոռոգվում առասպելական լեռ Աժդահակից հոսող բյուրեղյա սառնորակ ջրով, դառնում է հայկական խոհանոցի` հացին համարժեք  մասնիկը: Գանձակ, Սարուխան և Կարմիրգյուղ համայնքների կարտոֆիլ արտադրողների 11 խումբ և անհատ ֆերմերներ կազմակերպեցին հենց այս ապրանքատեսակից պատրաստված «Փռի կարտոլի» շքեղ հյուրասիրություն: 

Փառատոնի ժամանակ ֆերմերները ներկայացրին կարտոֆիլից պատրաստված շուրջ 50 կերակրատեսակ, ինչպես նաև տարածաշրջանին բնորոշ ավանդական քյուֆթան, ձուկը, փախլավան, գաթան և շաքար լոխումին: Արիշտայի պատրաստման տաղավարում այցելուները հնարավորություն ունեցան տեսնելու և մասնակից լինելու արիշտայի պատրաստման արարողությանը: Փառատոնի այցելուների համար անակնկալ էր կարտոֆիլից պատրաստված հացը:

«Փառատոնը հիանալի հնարավորություն է նպաստելու գյուղական համայնքների տնտեսական հզորացմանը, իսկ միջոցառումը նպատակ ունի աջակցել կարտոֆիլի արժեշղթայի կայուն զարգացմանը տարածաշրջանում և սատարել տեղական արտադրողների եկամուտների ավելացմանը»,- նշում է Վորլդ Վիժն Հայաստանի Գեղարքունիքի մարզի զարգացման ղեկավար Վարազդատ Սարգսյանը: 

Միջոցառումն ուղեկցվեց ժողովրդական երգ ու պարով, կազմակերպվեցին տարբեր մրցույթներ` «Լավագույն Փռնչի», «Ամենաքեֆչի փռնչի» և «Ամենահյուրասեր փռնչի» անվանակարգերում, մրցանակ ստացավ նաև «Լավագույն տաղավարը» ներկայացնող խումբը:

Այլ նորություններ

Ցանկանում եք տեղեկացված լինել՝

ՀԱՍՏԱՏԵԼ