Ետ գնալ Ետ գնալ Ամփոփվեց «Երեխաների առցանց անվտանգություն» ծրագիրը 19/12/2017
Ամփոփվեց «Երեխաների առցանց անվտանգություն» ծրագիրը

Beeline-ը և Վորլդ Վիժն Հայաստանն ամփոփեցին «Երեխաների առցանց անվտանգություն» ծրագիրը:

Մոտ մեկ տարի տևած ծրագրի շրջանակներում կազմակերպվել է 30 դասընթաց Երևանի, Թալինի և Կապանի 600 դպրոցականի համար: Կազմակերպված դասընթացների ընթացքում երեխաներն ու նրանց ծնողները/խնամակալները ձեռք բերեցին ինտերնետից անվտանգ օգտվելու վերաբերյալ կարևոր գիտելիքներ և հմտություններ:

«Այսօր առցանց անվտանգության խնդիրն իսկապես հրատապ է ամբողջ աշխարհում: Ուրախ եմ, որ դասընթացին մասնակցած երեխաներն ու նրանց հարազատներն արդեն լավագույնս տիրապետում են համացանցից ճիշտ օգտվելու կանոններին և կարող են խուսափել վտանգներից: Վորլդ Վիժն Հայաստանը կարևորում է Beeline-ի հետ ունեցած այս համագործակցությունը, որը թույլ է տալիս այդքան կարևոր գիտելիքներ փոխանցել համայնքներում ապրող մեր երեխաներին»,- ասում է Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանը:

«Մեզ համար ուրախալի է գիտակցել, որ Հայաստանում մարդիկ, հատկապես երիտասարդները, սովորում են օգտվել համացանցից, դրա օգնությամբ լուծել իրենց ամենօրյա խնդիրները և այդ ամենն անել ապահով կերպով։ Լինելով ինտերնետի մատակարար, մենք շահագրգռված ենք, որ ապահովված լինի մարդկանց անվտանգությունը համացանցում, իսկ դա անելու լավագույն միջոցն ուսուցումն է», - նշեց Հայաստանում  Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։      

Ամփոփիչ միջոցառման ընթացքում նաև տեղի ունեցավ «Անվտանգ համացանց» խորագրով պաստառների ցուցահանդես, որտեղ ցուցադրվեցին դասընթացներին մասնակցած Երևանի և Թալինի դպրոցների աշակերտների աշխատանքները: Միջոցառման վերջում կազմակերպվեց «Անվտանգ համացանց» խորագրով վիկտորինա` դասընթացներին մասնակցած աշակերտների, ուսուցիչների, ինչպես նաև ծնողների մասնակցությամբ:

Այլ նորություններ