Հաջողության պատմություններ
Սերժիկ, 15տ․
Սերժիկ, 15տ․

Բազմանդամ ընտանիքի խնդիրների մասին պատմելիս Սերժիկի մայրը՝ Ռուզաննան, ակամա շփոթում է երեխաների անունները: Ընտանիքը բաղկացած է տասնմեկ հոգուց: Ինչպես դժվարությամբ ապրող ցանկացած ընտանիք, նրանց համար ևս կարևոր հարց է սնունդը, երեխաների համար հագուստը, աշխատանքը… Ընտանիքի չափահաս անդամները կազմել են իրենց ընտանիքները, և հիմա Ռուզաննան ապրում է անչափահաս երեխաների հետ: Ինքն ունի հաշմանդամություն և տեղաշարժման խնդիր:

«Դժվարություններ կան, բայց դե մի կերպ առաջ ենք գնում: Ինձ ուրախացնում է, որ երեխաները լավ են սովորում ու ձգտում են մասնագիտություն ստանալ: Մեր նեղ օրերին մեզ հասավ Վորլդ Վիժնը, նրանք մեր մասին իմացել էին համայնքապետարանից: Եկան և գնահատեցին մեր ապրուստի միջոցները: Տեսան, որ իսկապես մեծ դժվարությամբ ենք հաց ստեղծում», - պատմում է Ռուզաննան: 

Սերժիկի ընտանիքն ընդգրկվել է Վորլդ Վիժն Հայաստանի «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագրում։ Այս ծրագիրը ենթադրում է իրար հաջորդող, բազմասեկտորալ միջամտություններ, որոնք օգնում են ծայրահեղ աղքատ ընտանիքին դուրս գալ աղքատությունից: Աջակցությունը ներառում է հետևյալը՝ սոցիալական աշխատանք ընտանիքների հետ, գումարային աջակցություն՝ ամենահրատապ կարիքները հոգալու համար, ընտանիքի անդամների մասնագիտական վերապատրաստումներ, ծնողավարական հմտությունների ուսուցում, երեխաների առողջ սնուցման և հիգիենայի վերաբերյալ գիտելիքների տրամադրում, աջակցություն աշխատանք գտնելու հարցում:

Մասնագիտական գնահատումից և վերլուծություններից հետո Վորլդ Վիժնի սոցիալական աշխատողներն ու տնտեսական զարգացման փորձագետները միասին մշակեցին Ռուզաննայի ընտանիքի զարգացման պլանը։ Այս պլանը մեծապես հիմնված է ընտանիքի կարիքների և ուժեղ կողմերի վրա։ Քանի որ ընտանիքում կային անասնապահական որոշակի հմտություններ, որոշում կայացվեց եկամտի աղբյուր դիտարկել հենց անասնապահությունը։ 

Արդեն մեկ տարի է, որ Վորլդ Վիժն Հայաստանն ընտանիքին տրամադրել է ութ ոչխար և մեկ խոյ: Այս տարի արդեն ծնվել են գառներ, և կենդանիների քանակը կրկնապատկվել է: Սերժիկը ոչխարների խնամքի գործը սիրով վերցրել է իր վրա և ոչ մեկին մոտ չի թողնում: Նրանք ցանկանում են մեծ հոտ ունենալ, որ խոյերը վաճառեն ու վառելափայտ գնեն կամ ուրիշ կարևոր ապրանքներ:

«Վորլդ Վիժնը մեզ շատ օգնեց՝ սնունդով, հիգիենայի պարագաներով, երեխաներին հագուստով: Մարիամս այստեղ տեղափոխվելու պատճառով կրթությունից դուրս էր մնացել, նրան ուղղորդեցին Ալավերդու պետական քոլեջ, բայց քանի որ գնալ-գալու խնդիր կար, և ուսումը դարձավ առցանց՝ մեզ հեռախոսի քարտեր տվեցին, որ երեխան ուսումը բաց չթողնի: Մարիամիս օգնեցին, որ տեղափոխվի այստեղի միջնակարգ դպրոց, շատ գոհ ենք: Տղաս ցանկանում է սակրավոր դառնալ, բայց գիտի, որ շատ վտանգավոր գործ է։ Ես ուրախ եմ, որ ցանկանում է հայրենիքին ծառայել: Լավն են մեր երեխաները», - հպարտանում է Ռուզաննան:

18 տարեկան Մարիամը համոզված է, որ ծրագրավորող է դառնալու։ «Ծրագրավորման գործն եմ շատ հավանում, հատկապես՝ ռոբոտաշինությունը: Ինձ Վորլդ Վիժնից ուղղորդեցին ՔՈԱՖ կենտրոն, որ ավելի լավ սովորեմ, շատ ուրախ եմ», - ասում է Մարիամը: 

15 տարեկան Սերժիկը պատմում է իրենց պատանեկան խմբակի մասին. «Մեր գյուղապետարանում ես հաճախում էի Վորլդ Վիժնի խմբակ, որ կոչվում էր «Երեխայակենտրոն միջավայր»: Հետաքրքիր բեմադրություններ էինք անում, միջոցառումներ: Պարապմունքների վերջին օրը բոլորս տխրել էինք, որ վերջացավ: Ես կցանկանամ էլի լինել այնտեղ, քանի որ հետաքրքիր էր»: 

«Քանի որ ես հենաշարժողական խնդիրներ ունեմ, Վորլդ Վիժնի դասընթացներին չեմ կարողանում մասնակցել, իսկ ամուսինս հաճախ է լինում իրենց մոտ, նույնիսկ անհատական խորհրդատվության համար դիմում է և չեն մերժում: Քանի դեռ բոլորս միասին ենք, կհաղթահարենք բոլոր դժվարությունները», - հավելում է Ռուզաննան: 

Աղքատության փուլային հաղթահարման ծրագրի արդյունավետությունը կայուն է և զարգացող: Մասնակցող ընտանիքների 48%-ը հաղթահարել է ծայրահեղ աղքատությունը, 90%-ի մոտ աճել է տարեկան եկամուտը, երեխաների 77%-ի առողջական վիճակը բարելավվել է, իսկ ընտանիքների 82%-ում էապես դեպի դրականն է փոխվել կյանքի որակը: