Հաջողության պատմություններ
Կոստանդին, 10տ․
Կոստանդին, 10տ․

Քաղաքի ծայրամասում կա մի տաք անկյուն՝ հացի փուռ, որտեղից անուշ հացի բուրմունք է գալիս: Համեստ այս անկյունում, տասը տարեկան Կոստանդինի հետ միասին աշխատում և մարդկանց է ժպտում Արաքսյան: Առաջին հայացքից դժվար է պատկերացնել, որ մի կնոջ համար ճակատագիրն այսքան անլուծելի խնդիրներ է նախապատրաստել, քանի որ Կոստանդինի մայրը միշտ ժպտում է և շատ լավատես է։

«Ես Արաքսյան եմ, մայրիկ եմ, ունեմ երկու երեխա: Այդպես է ստացվել, որ ամուսնալուծվել եմ, ու հիմա միայն տղաս է ինձ մոտ... Դա ինձ համար շատ ցավալի է, որ աղջիկս մեզ մոտ չի... Շատ մեծ խնդիրներ ունեմ, երբեմն ինքս զարմանում եմ, թե ինչպես եմ հաղթահարում... Երևի չեմ հանձնվում, քանի որ երեխաներիս շատ եմ սիրում ու ցանկանում եմ, որ նրանք ինձ մոտ լինեն ու լավ ապրեն», - պատմում է Արաքսյան: 

Կոստանդինի ընտանիքը ընդգրկվեց Վորլդ Վիժնի «Աղքատության փուլային հաղթահարման» ծրագրում:

«Հագուստ ու սնունդ ստացել ենք իրենցից, անընդհատ, առանց ուշացման, թե չէ չգիտեմ ինչպես պիտի ապրեինք: Ամառ թե ձմեռ իմ  կողքին էին, առանց տիկին Կարինեի չգիտեմ ինչ էր լինելու: Տիկին Կարինեն Վորլդ Վիժնից մեր հարեհասն է: Նա գիտեր, որ ես հացթուխի շնորք ունեմ, գիտեր, որ աշխատանք եմ գտել ու ամբողջ գիշեր հաց եմ թխում, մի քանի անգամ հյուրասիրել էի նաև իմ թխվածքներից, ու մի օր անակնկալ արեցին: Իմ երջանիկ օրն էր, որ իմացա ինձ 25 կիլոգրամանոց հարիչ են տալիս ու վառարան, որ իմ գործը սկսեմ: Քաղաքի ծայրամասում տեղ եմ վարձակալել, քիչ-քիչ կփակեմ տարածքի վարձը: Թխում եմ լավաշ, խաչապուրի, ջեմով քաղցրավենիք... Տղաս էլ է օգնում ինձ», - հպարտությամբ պատմում է Արաքսյան:
 
Կոստանդինը մայրիկի օգնականն է և շատ ակտիվ տղա. «Ես համ հեծանիվ կարամ քշեմ, համ հաց թխեմ, համ խմորի գունդ կշռեմ... Համ էլ, որ ուզեմ կարամ ավտոմեքենա քշեմ, բայց շատ եմ ուզում հեծանիվ ունենամ»: 

«Աղքատության փուլային հաղթահարման» ծրագիրը ենթադրում է իրար հաջորդող, բազմասեկտորալ միջամտություններ, որոնք օգնում են ծայրահեղ աղքատ ընտանիքին դուրս գալ աղքատությունից: Աջակցությունը ներառում է հետևյալը՝ սոցիալական աշխատանք ընտանիքների հետ, գումարային աջակցություն ամենահրատապ կարիքները հոգալու համար, ընտանիքի անդամների մասնագիտական վերապատրաստումներ, ծնողավարական հմտությունների ուսուցում, երեխաների առողջ սնուցման և հիգիենայի վերաբերյալ գիտելիքների տրամադրում, աջակցություն աշխատանք գտնելու հարցում:

«Վորլդ Վիժնը ինձ շատ է օգնել, ես երախտապարտ եմ իրենց», - հուզված ասում է Արաքսյան:

Կազմակերպությունը վճարում է Արաքսյայի տան վարձի գումարը, հոսանքի ծախսերը, երեխայի համար տրամադրում է հագուստ, դպրոցական պարագաներ, սնունդ և ամենակարևորը՝ հոգեբանական օգնություն և ջերմ վերաբերմունք:

«Գիտե՞ք, ես իրենց շատ շնորհակալ եմ նաև ինչի համար, որ  ինձ այնքան ամուր են բռնել, որ «չկոտրվեմ», չհուսահատվեմ ու, ես իրավունք չունեմ այդքանից հետո չհավատալու, որ մենակ չեմ ու անպայման կհաղթահարեմ դժվարություններս: Թեպետ ողնաշարի խնդիր ունեմ, բայց ես աշխատելուց չեմ վախենում ու կանեմ ամեն ինչ, որ հացիս փուռը լավ անուն ու հաջողություն ունենա, արդեն լավաշ թխողի պահանջ կա ու հայտարարություն եմ կպցրել դռանս վրա», - հպարտությամբ ասում է Արաքսյան: 

Աղքատության փուլային հաղթահարման ծրագրի արդյունավետությունը կայուն է և զարգացող: Մասնակցող ընտանիքների 48%-ը հաղթահարել է ծայրահեղ աղքատությունը, 90%-ի մոտ աճել է տարեկան եկամուտը, երեխաների 77%-ի առողջական վիճակը բարելավվել է, իսկ ընտանիքների 82%-ում էապես դեպի դրականն է փոխվել կյանքի որակը: