Հաջողության պատմություններ
Մանե, 11տ․
Մանե, 11տ․

Մանեի մեծ ընտանիքի հայրը՝ Տիգրանը, հպարտությամբ է լցվում, երբ խոսում է ընտանիքի մեծության, երեխաների և սիրելի Գոհարի՝ կնոջ մասին: Ինքը վարորդ է, կինը՝ տնային տնտեսուհի: Հինգ երեխա ունեն, և ոգևորությամբ է ասում, որ երկու ապագա զինվոր ունի:

«Մեծ ընտանիք դարձանք, բայց տուն չունեինք, վարկի տակ էլ չէի ուզում ընկնել: Մեր ընտանիքին ճանաչել է Վորլդ Վիժնի գրասենյակը ու իրենց վստահելի խոսքով՝ ուրիշ բարերար մեզ համար տուն է գնել: Դա մեծ իրադարձություն էր մեր կյանքում: Առհասարակ Վորլդ Վիժնը մեր կյանքում շատ մեծ փոփոխություններ է բերել: Հետաքրքրվել են մեզնով սոցաշխատողները, մեր խնդիրներով զբաղվել են ու հնարավորություններ ստեղծել, որ հաղթահարենք մեր դժվարությունները: Հիմա տնամերձ հող ունենք, մշակում ենք, մի փոքրիկ խանութ էլ ենք սարքել, որտեղ վաճառում ենք կնոջս կարած բարձի երեսները, անկողնային պարագաները… Այդ կարի մեքենան էլ մեր տանը հայտնվել է Վորլդ Վիժնի շնորհիվ: Կնոջս հարցրեցին, թե ինչ գործ կարող է անել, որ երեխաների խնամքին չի խանգարի: Գոհարը կար անել գիտի և ասաց, որ կարել գիտի և կուզեր վաճառքի սպիտակեղեն կարել», - մանրամասն պատմում է Մանեի հայրը: 

«Կարի մեքենա տրվեց Գոհարին, սկզբի համար կտոր ու թել, և նա սկսեց կար անել: Ստացվեց, և գյուղի բնակիչներին էլ ուղղորդում ենք նրա մոտ, որպեսզի նրա ապրանքը գնեն», - նշում է սոցիալական աշխատողը:

Այժմ այնքան պատվերներ ունեն, որ երկրորդ կարի մեքենա ձեռք բերելու անհրաժեշտություն է ծագել:  Գոհարն արդեն ավագ աղջկան էլ է սովորեցրել կար անել, նա էլ կկարի երկրորդ մեքենայով, իսկ կտորեղենը գնում են Երևանից կամ Իջևանից:  Գոհարն ասում է, որ Վորլդ Վիժնի արած գործերը շատ կարևոր են իրենց համար, իսկ իրենք աշխատող և ստեղծող մարդիկ են:

Աղքատության փուլային հաղթահարման ծրագիրը ենթադրում է իրար հաջորդող, բազմասեկտորալ միջամտություններ, որոնք օգնում են ծայրահեղ աղքատ ընտանիքին դուրս գալ աղքատությունից: Աջակցությունը ներառում է հետևյալը՝ սոցիալական աշխատանք ընտանիքների հետ, գումարային աջակցություն ամենահրատապ կարիքները հոգալու համար, ընտանիքի անդամների մասնագիտական վերապատրաստումներ, ծնողավարական հմտությունների ուսուցում, երեխաների առողջ սնուցման և հիգիենայի վերաբերյալ գիտելիքների տրամադրում, աջակցություն աշխատանք գտնելու հարցում:

Ընտանիքի նորամուտի առիթով, Վորլդ Վիժնի կողմից տրվել է նաև մանկական կահույք, պահարան, սեղան և աթոռներ, ինչպես նաև օգնություն է եղել սննդի, հիգիենայի պարագաների և երեխաների հագուստի տեսքով: 

«Վորլդ Վիժնից մի օր զանգեցին ու ասեցին, որ կարևոր դասընթացներ են կազմակերպել, ես և կինս հետաքրքրվեցինք ու գնացինք: Ֆինանսների հետ կապված դասերից շատ բան սովորեցինք, իմացանք, որ խնայելու համար հարկավոր է ոչ միայն ցանկություն, այլև գրագիտություն, և դա ամեն օր օգնում է մեզ: Լավատես ենք, քանի որ մեր աշխատասիրությունը գնահատվում է և խրախուսվում», - վստահեցնում է Տիգրանը:  

Աղքատության փուլային հաղթահարման ծրագրի արդյունավետությունը կայուն է և զարգացող: Մասնակցող ընտանիքների 48%-ը հաղթահարել է ծայրահեղ աղքատությունը, 90%-ի մոտ աճել է տարեկան եկամուտը, երեխաների 77%-ի առողջական վիճակը բարելավվել է, իսկ ընտանիքների 82%-ում էապես դեպի դրականն է փոխվել կյանքի որակը: