Հաջողության պատմություններ
Անգելինա, 8տ․
Անգելինա, 8տ․

Անգելինայի խնամքն ամբողջովին իր տատիկի՝ Անիչկայի ուսերին է: Երեխայի հայրը մասնակցել է Արցախյան երկրորդ պատերազմին ու 120 օր շարունակ գերեվարված եղել. ոտքի լուրջ վնասվածք է ստացել ու հիմա վերականգնողական շրջանում է:

Լոռու մարզի համայնքներից մեկում բնակվող այս ընտանիքը քսանութ տարի ապրել է տնակում, անասելի ծանր պայմաններում: Վերջերս Անիչկան վարկով նոր տնակ է գնել՝ հուսալով, որ գոնե ապրելու համեմատաբար ավելի լավ պայմաններ կունենան:

«Որ բողոքեմ, ի՞նչ կփոխվի: Չեմ բողոքում, ամբողջ օրն աշխատում եմ: Ես ամբողջ կյանքում աշխատել եմ՝ անասուն եմ պահել, հող մշակել… Երբ հայտնեցին, որ գերի ընկած որդիս վերադառում է, ես նորից ծնվեցի, ի՞նչ բողոքեմ, միայն թե առողջանա: Քանի կան Վորլդ Վիժնի նման կազմակերպություններ, որ ձեռք են մեկնում ու օգնում, մենք մենակ չենք: Նրանք թոռնիկիս՝ Անգելինայիս մասին դպրոցից էին իմացել ու եկան մեր տուն: Չեք պատկերացնի` ինչ մեծ օգնություն կազմակերպեցին մեզ համար: Հագուստ, գրենական պիտույքներ, սնունդ…», - կիսվում է Անիչկան:

Նրա ընտանիքը ներառվել է Վորլդ Վիժնի Աղքատության փուլային հաղթահարման ծրագրում, որը ենթադրում է իրար հաջորդող, բազմասեկտորալ միջամտություններ, որոնք օգնում են ծայրահեղ աղքատ ընտանիքին դուրս գալ աղքատությունից:

Աջակցությունը ներառում է հետևյալը՝ սոցիալական աշխատանք ընտանիքների հետ, գումարային աջակցություն՝ ամենահրատապ կարիքները հոգալու համար, ընտանիքի անդամների մասնագիտական վերապատրաստումներ, ծնողավարական հմտությունների ուսուցում, երեխաների առողջ սնուցման և հիգիենայի վերաբերյալ գիտելիքների տրամադրում, աջակցություն աշխատանք գտնելու հարցում:

Վորլդ Վիժնի սոցիալական աշխատողները տնտեսական զարգացման մասնագետների հետ միասին մշակեցին զարգացման պլան Անգելինայի ընտանիքի համար, և արդյունքում ընտանիքը ստացավ կով ու հորթ, ինչպես նաև մեկ տարվա խոտ: Կովերն արդեն մի քանի հորթուկ են ունեցել, ինչը հնարավորություն է տվել հորթուկները վաճառել ու խոտ գնել. շուտով նոր հորթուկ էլ կունենան:  

«Գյուղ է, պայմաններն ուրիշների մոտ էլ լավ չեն, բայց մենք հիմա ընտիր լոգարան ունենք՝ լվացքի մեքենայով, լվացարանով… Վորլդ Վիժնն է կառուցել ու տվել մեզ, հեռուստացույց էլ են բերել: Մեր սոցիալական աշխատող Լուսինեն ոնց որ իմ աղջիկը լինի՝ զանգում է, գալիս, հետաքրքրվում, երիտասարդ է, բայց նրանից շատ բան կա սովորելու», - ուրախությամբ պատմում է Անիչկան:

Քանի որ ընտանիքում Արցախյան պատերազմի մասնակից կա, Գերմանիայի մարդասիրական կոալիցիայի կողմից տրամադրված դրամաշնորհային վեցամսյա ծրագրի շրջանակում Անգելինան հաճախում է Վորլդ Վիժնի «Նավակ» ցերեկային կենտրոն, որտեղ խաղային անկյուն կա:  

8 տարեկան Անգելինան նստել էր ծառի տակ. «Մենք այնտեղ պարում ենք, երգում, նկարում, այնտեղ շատ ուրախ է անցնում ժամանակը»:

Անիչկան շատ ակտիվ մասնակցում է նաև Վորլդ Վիժնի կազմակերպած  դաընթացներին, - «Ոչ մի դաս բաց չեմ թողել, թեկուզ շատ զբաղված եմ լինում տան գործերով: Այնքան նորություններ եմ իմացել այնտեղ՝ երեխաների խնամքի մասին, ֆինանսները խնայելու մասին, հիգիենայի պահպանության մասին…», - ասում է Անիչկան:

Աղքատության փուլային հաղթահարման ծրագրի արդյունավետությունը կայուն է և զարգացող: Մասնակցող ընտանիքների 48%-ը հաղթահարել է ծայրահեղ աղքատությունը, 90%-ի մոտ աճել է տարեկան եկամուտը, երեխաների 77%-ի առողջական վիճակը բարելավվել է, իսկ ընտանիքների 82%-ում էապես դեպի դրականն է փոխվել կյանքի որակը: