Հաջողության պատմություններ
Ալեն, 2տ․
Ալեն, 2տ․

Փոքրիկ Ալենը ապրում է իր ծնողների և քույրիկի հետ։ Նրա մայրը՝ Արաքսյան, տնային տնտեսուհի է, ծաղիկներ աճեցնելու մեծ սեր ունի, խնամքով աճեցնում է և հպարտանում ծաղկած բույսերով: Հոգատար մայր է, լավատես, ժպտադեմ, չնայած առօրյա խնդիրներն այնքան շատ են և բարդ, որ դժվար թե մեկը կարողանար դրանք այդպես թեթևությամբ ներկայացնել: 

Ընտանիքի հայրը ժամանակ առ ժամանակ ունեցել է արտագնա աշխատանք, բայց հոգսերը մնացել են օրհասական: Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրերում առաջինն ընդգրկվել է Ալենի քույրը․ երեխան հաճախել է Վորլդ Վիժն Հայաստանի կազմակերպած  ամառային ճամբարներին:

«Աղջիկս մասնակցում  էր Վորլդ Վիժնի ճամբարներին, սիրով որոշ խմբակների էր գնում, և այդպես իմացան մեր մասին ու եկան մեր տուն՝ որպես դժվար ապրող ընտանիք: Գնահատեցին մեր վիճակը և որոշեցին օգնել», - պատմում է Արաքսյան: 

Ալենի ընտանիքն ընդգրվկվել է Վորլդ Վիժն Հայաստանի «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագրում։ Այս ծրագիրը ենթադրում է իրար հաջորդող, բազմասեկտորալ միջամտություններ, որոնք օգնում են ծայրահեղ աղքատ ընտանիքներին դուրս գալ աղքատությունից: Աջակցությունը ներառում է հետևյալը՝ սոցիալական աշխատանք ընտանիքների հետ, գումարային աջակցություն՝ ամենահրատապ կարիքները հոգալու համար, ընտանիքի անդամների մասնագիտական վերապատրաստումներ, ծնողավարական հմտությունների ուսուցում, երեխաների առողջ սնուցման և հիգիենայի վերաբերյալ գիտելիքների տրամադրում, աջակցություն աշխատանք գտնելու հարցում: 

Արաքսյայի տան շենքը շատ վատ վիճակում էր, գրեթե վթարային էր: Վորլդ Վիժնի օգնությամբ փոխվել են պատուհանները, և այլևս սառը օդ չի փչում, երեխաները չեն մրսում: Վորլդ Վիժնը նաև արևային ջրատաքացուցիչ է տրամադրել ընտանիքին՝ կոմունալ ծախսերը փոքր ինչ նվազեցնելու նպատակով։ 

«Շատ շնորհակալ ենք, հատկապես, որ հիմա ունենք տաք ջուր: Առաջ շատ թանկ էր ստացվում նույնիսկ երեխաների շորերը լվանալը, իսկ հիմա բոլոր եղանակներին տաք ջուր ունենք ու բավական գումար ենք խնայում», - շարունակում է Արաքսյան: 

Ընտանիքի հրատապ կարիքները հոգալուն զուգահեռ Վորլդ Վիժնի մասնագետները քննարկեցին նաև ընտանիքի եկամուտը բարձրացնելուն ուղղված քայլերը։ 

«Ես կերակրող մայր էի, ու երեխան կաթի պակաս ուներ: Վորլդ Վիժնը մեզ 10 հատ ոչխար տվեց։ Արդեն մեկ տարի է անցել, ծնված գառնուկներին փոխեցինք մեկ կովի հետ ու հիմա կով էլ ունենք: Պլանավորում եմ շատ կովեր ու ոչխարներ ունենանք, որ կարողանամ եկամուտ ստանալ, կաթից նաև պանիր կպատրաստեմ», - հավատացնում է Արաքսյան:

Այս ընտանիքում բավական մեծ է հետաքրքրությունը նաև սովորելու, նոր հմտություններ յուրացնելու նկատմամբ: Արաքսյան և ամուսինը մասնակցել են Վորլդ Վիժնի կողմից կազմակերպված արևային ջրատաքացուցիչների օգտագործմանն ու արդյունավետությանը  վերաբերող դասընթացին և ոգևորությամբ կիսվում են ունեցած գիտելիքներով:

««Մայր ու բալիկ» դասընթացը հատկապես շատ հետաքրքիր էր, ես շատ նոր բաներ իմացա երեխաների խնամքի մասին, հիգիենայի պահպանման մասին: Մի անգամ էլ մասնակցեցինք մի դասընթացի, որտեղ սովորեցինք, թե ինչպես մեր բյուջեն կառավարենք, տնտեսենք… Ամեն անգամ մի նոր բան ենք սովորում, ծանոթանում նոր մարդկանց հետ, ընկերանում…», - ուրախությամբ նշում է Ալենի մայրը:

Ընտանիքն օգտվել է նաև սննդօգնության ծրագրերից, ինչպես նաև Վորլդ Վիժնի կողմից տրամադրվել է սերմացու կարտոֆիլ:

«Կարտոֆիլը ցանեցինք, ճիշտ է՝ եկամուտը շատ քիչ էր, բայց չունենալուց լավ է։ Եկող տարի արդեն մենք էլ սերմացու կստեղծենք, բայց ամենից շատ երազում եմ, որ աղջիկս մասնագիտություն ունենա կամ արհեստ սովորի, որ իմ նման դժվարություններ չունենա ու լավ բախտ ունենա, ապրի խաղաղ երկրում», - հույս է հայտնում Արաքսյան: 

Աղքատության փուլային ծրագրի արդյունավետությունը կայուն է․մասնակցող ընտանիքների 48%-ը հաղթահարել է ծայրահեղ աղքատությունը, 90%-ի մոտ աճել է տարեկան եկամուտը, երեխաների 77%-ի առողջական վիճակը բարելավվել է, իսկ ընտանիքների 82%-ում էապես դեպի դրականն է փոխվել կյանքի որակը: